Le Figaro պարբերականը հրապարակել է քաղաքական ամենատարբեր շրջանակներ ներկայացնող ֆրանսիացի շուրջ երեք տասնյակ գործիչների հավաքական ուղերձը, որով նրանք դատապարտում են Ֆրանսիայի մասնակցությունը Բաքվում կայանալիք COP29-ին և պահանջում անհապաղ ազատ արձակել հայ պատանդներին: «Ամոթալի այս համաժողովի անցկացումը չպետք է ծառայի Ադրբեջանի ավտորիտար և կոռումպացված վարչակարգի պաշտպանությանը, ոչ էլ խրախուսի դրա ծավալապաշտական մտադրությունների իրականացումը»,- շեշտված է ուղերձում:                
 

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»

«Պլատոնը իմ բարեկամն է, բայց  ճշմարտությունն ավելի թանկ է»
07.05.2013 | 12:09

(սկիզբը` այստեղ)

դ) «ԳԼԱՁՈՐ» ՏԵՍԱՖԻԼՄ
Այն ունի 28 րոպե տևողություն, որը 2011 թ. թողարկվել է հայերեն, ռուսերեն և անգլերեն տարբերակներով: Ֆիլմի ռեժիսորը և օպերատորն է Աշոտ Մովսեսյանը, սցենարի և տեքստի հեղինակը` Վահան Տեր-Ղազարյանը, նախագծի հեղինակը` Աշոտ Փիլիպոսյանը, պրոդյուսերը` Վլադիմիր Պողոսյանը:
Ողջունելի է այսպիսի նախաձեռնությունը: Նման գիտահանրամատչելի ֆիլմերով նույնպես պետք է հանրահռչակվեն մեր հուշարձանները:
Ֆիլմի օպերատորական, մոնտաժման, խոսքի, երաժշտական ձևավորման աշխատանքները կատարված են բավարար մակարդակով: Սակայն այն անլիարժեք է սցենարի, պատմական և տեղեկատվական, հուշարձանների պահպանության խնդիրները պրոպագանդելու տեսակետից: Մի բան, որն առաջնակարգային տեղ պետք է ունենա առհասարակ ՊՈԱԿ-ի ֆիլմային արտադրության գործունեությունում: Ցավոք, այս ֆիլմում վերոնշյալ դրական աշխատանքին զուգահեռ տեղ են գտել մի շարք բացթողումներ ու անճշտություններ, որոնք ստվերում են աշխատանքը և կարող էին չլինել, եթե դրա իրականացումը կատարվեր պատշաճ կարգով:
Ֆիլմը սկսվում է Գլաձորի համալսարանի վերաբերյալ Երևանի փողոցներում պատահական անցորդների իմացումների հարցումներով: Պարզելով, որ անցորդները գրեթե ոչինչ չգիտեն համալսարանի մասին, այս ֆիլմով ձեռնամուխ են եղել մեր կորսված հիշողությունը վերականգնելուն: Այս մտահոգությունը գնահատելի է և կարևոր: Սակայն այն նույնքան էլ մտահոգիչ է և հարցումներ առաջացնող, որի համար էլ ստորև ներկայացնում եմ իմ նկատառումներից մի քանիսը: Այսպես.
1. Ֆիլմի 8.22 րոպեում ուղիղ տեքստով ասվում է, որ Գլաձորի համալսարանը գոյատևել է շուրջ 60 տարի: Սա ակնհայտ պատմական փաստի և ուսումնասիրությունների տվյալների աղավաղում է, անիմացությունների արդյունք: Քանզի Գլաձորի համալսարանը գոյատևել է 104-106 տարի, ինչին հասու են նույնիսկ դպրոցականները: Ի՞նչ է սա` անփութությո՞ւն, թե՞ անգրագիտություն…
2. Թանադե կամ Թանատ վանքի անունը, ուր ենթադրաբար երկար տարիներ գործել է համալսարանը, չգիտես ինչու, շեշտվում է Թանահատ: Այս հարցը գիտության մեջ տասնամյակներ առաջ է պարզաբանվել և միտք չունի կրկնել վանքի ոչ ճիշտ անվանումը (հուշարձանների պետական ցուցակում վանքի Թանահատ անվամբ հաստատված լինելը ևս հիմք չի կարող լինել):
3. Ֆիլմում խոսվում է Թանադե (Թանատ) վանքի տարածքում կատարված պեղումների մասին և ցուցադրվում է 2-3 հնագիտական իր: Եվ ոչ մի խոսք 1970-1982 թթ. այդտեղ պեղումները իրականացրած Երևանի պետհամալսարանի արշավախմբի և նրա ղեկավար Ի. Ղարիբյանի մասին: Այս անտեսումը պատշաճ չէ, և չէր կարելի այսպիսի փաստը անտեսել: Չէ որ այդ պեղումների շնորհիվ էր, որ բացվեցին այդտեղ գործած ենթադրյալ համալսարանի շինությունները:
4. Ֆիլմում ոչ մի խոսք չկա 1984 թ. Վերնաշենի Ս. Հակոբ եկեղեցում պետության կողմից Գլաձորի համալսարանի պատմության թանգարան հիմնելու, ՊՈԱԿ-ի կողմից 2009 թ. հոկտեմբերին այդ թանգարանի հիմնադրման 25-ամյակը պատշաճորեն նշելու և Եղեգնաձորում հատուկ գիտաժողով գումարելու մասին:
5. Հայագիտության մեջ Գլաձորի համալսարանի վերաբերյալ առկա են բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնց մի մասը վերջին 4 տասնամյակում հրատարակվել է նաև առանձին գրքերով (Ա. Աբրահամյան, Լ. Խաչերյան, Ի. Ղարիբյան, Ս. Արևշատյան, Ա. Մաթևոսյան և այլք), որոնց վերաբերյալ ոչինչ ոչ ասվում է, ոչ էլ ցուցադրվում է որևէ ուսումնասիրություն: Մի՞թե Գլաձորի համալսարանի վերաբերյալ տեղեկատու-աղբյուրը հենց միայն այս ֆիլմն է…
6. Ֆիլմում ցուցադրվում են տարածաշրջանի մի շարք հուշարձաններ, որոնց զգալի մասը պետության, ինչպես և Պատմական հուշարձանների պահպանության հայկական ընկերության, Մայր Աթոռի, անհատ մեկենասների միջոցներով նորոգվել է անցած տասնամյակներում և վերջին տարիներին: Այսպիսիք են, օրինակ, Թանադեն, Նորավանքը, Սպիտակավորը, Արենիի, Վերնաշենի եկեղեցիներն ու այլ հուշարձաններ: Դարձյալ ոչ մի խոսք: Չէ՞ որ ՊՈԱԿ-ի համար (և ոչ միայն) դրա իսկական տեղն է պետական հոգածությունը ցույց տալու և հանրությանը կոչ անելու ավելի հոգատար լինել մեր հուշարձանների պահպանության հարցերում:
7. Այս ֆիլմում (22.06 րոպեում) Արենիի Ս. Աստվածածին եկեղեցին էլ չգիտես ինչ հիմք-հիմնավորումով անվանվում է Ս. Գրիգոր Նահատակ, որն ակնհայտ անճշտություն է: Այնպես որ անհրաժեշտություն էր, որպեսզի ֆիլմը ունենար գիտական խորհրդատուներ, որն ամենևին չէր նսեմացնի ֆիլմի ստեղծագործական խմբի աշխատանքները: Ի վերջո, ֆիլմի սցենարի տեքստը պետք է տրվեր նաև մասնագիտական կարծիքի, կամ կազմակերպվեին քննարկումներ: Չէ՞ որ ֆիլմարտադրությունը ՊՈԱԿ-ի ամենօրյա աշխատանքների թվին չի դասվում: Ֆիլմի ռեժիսոր-օպերատոր Ա. Մովսեսյանի հավաստմամբ` սցենարը և տեքստը մինչև նկարահանման աշխատանքների սկսվելը, շուրջ 10 օր առաջ հանձնել է ֆիլմի նախագծի հեղինակ պարոն Ա. Փիլիպոսյանին: Իր կողմից ՊՈԱԿ է հրավիրվել նաև սցենարի տեքստի հեղինակը` Վ. Տեր- Ղազարյանը:
Այս ֆիլմից, ցավոք, մեր մշակույթին քիչ թե շատ տեղյակ մարդը տպավորություն է ստանում, որ այն ստեղծվել է ոչ լիարժեք իմացություններով: Արդարև էլ այդպես է, մեկ մարդով` ֆիլմի օպերատոր-ռեժիսոր Աշոտ Մովսեսյանով: Բնականաբար էլ նրա պարտականությունների շրջանակներում չեն եղել նշածս վերոնշյալ բացթողումները: Մնում է զարմանք արտահայտել, թե այս ֆիլմի ստեղծողները ինչ ինքնավստահությամբ ու մակարդակով են ձեռնամուխ եղել, իրենց իսկ խոսքերով ասած, վերականգնելու Գլաձորի համալսարանի վերաբերյալ մեր մոռացված հիշողությունները…

ե) ՈՒՂԵՑՈՒՅՑ ԳԱՌՆԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆԻ
Հեղինակներ` Աշոտ Փիլիպոսյան, Մելինե Մովսիսյան, Արտավազդ Զաքյան (2012 թ., 16 էջ)
1. Թեև այն ոչ մեծ ծավալով գրքույկ է, պետք է ինդեքսավորվեր ՀՀ Ազգային գրապալատի կողմից և ունենար ISBN–ի համար, որը չի արված:
2. Նախորդների նման հրատարակվել է առանց տեղի, տարեթվի, տպագրատան նշման և ում կողմից հրատարակված, տպագրված լինելու (հեղինակների, հրատարակող կազմակերպության հեղինակային իրավունքների նշումների), որն էլ, այն ևս պետականորեն իրականացված հրատարակություն չի կարող դիտվել:
3. Գրքույկը, ըստ հարկի, պետք է ունենար էջանշումներ ¥ծալքավոր թերթոնների և 4-8 էջը չգերազանցող գրքույկների դեպքում կարելի է հրատարակությունը չէջանշել), թանգարանի կապի միջոցները (հասցե, հեռախոս, էլեկտրոնային կապ), աշխատանքային ժամերի վերաբերյալ տեղեկությունները:
4. Հրատարակության տեքստը իր կառուցվածքով ամենևին էլ չի համապատասխանում իր անվանմանը` ուղեցույց լինելուն: Ընդ որում, 1-ին էջում այն վերնագրված է ռուսական մտածողությամբ` «ՈՒղեցույց Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանի»: 2-րդ էջում` թեև տրված է ճիշտ անվանումը, չգիտես ինչու հավելվել է Գառնի անվանումը` «Գառնիի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ուղեցույց»: Արդյո՞ք այն ուղեցույց է նաև Գառնի գյուղի համար:
5. Տեքստում առկա են մի շարք ոչ ճիշտ ձևակերպումներ, որոնք կասկածների ու զանազան ենթադրությունների հիմք են ծառայում: Օրինակ` 3-րդ էջում (համարակալումը հաշվել շապիկից) նշված է, որ «XIII-XVII դդ. նվաճողների պարբերաբար կրկնվող ասպատակություններից խարխլված բնակավայրը հիմնովին փլուզվել է 1679 թ. երկրաշարժի ժամանակ» (ընդգծումը իմն է- Ա. Ա.): Ավելորդ է ասել, որ բնակավայր հասկացությունը այդպիսի ձևակերպում չի կարող ունենալ (խարխլված լինում և փլուզումների են ենթարկվում շինություններն ու այլևայլ շինարարական կառույցները):
6. 4-րդ էջում հուշարձանախմբի 1949-1951 թթ. և ապա 1960-ական թվականներից հետո կատարված պեղողների (արշավախմբի պետ, տեղակալ, մասնակիցների) անուն- ազգանուններից չգիտես թե ինչ ընտրությամբ են հիշատակված միայն Բ. Առաքելյանի, Ս. Սարդարյանի, Հ. Մարտիրոսյանի և Է. Խանզադյանի անունները: Այնինչ հիշատակման արժանի են և նույնիսկ պարտադիր գոնե Ա. Սահինյանի (1949-1956 թթ. արշավախմբի պետի տեղակալ), Մ. Հասրաթյանի, Մ. Իսրայելյանի (1949-1951 թթ.), Ե. Մուշեղյանի (1949-1953 թթ.), Ժ. Խաչատրյանի (1960-2007 թթ.` մինչև 1973 թ. պետի տեղակալ, 1973-2007 թթ.` պետ) և այլոց անունները: Այսպիսի «բացթողումները», մեղմ ասած, վայել չեն հեղինակներին և ՊՈԱԿ-ին:
7. 4-րդ էջում նշվում է, որ «բացվել են կուրարաքսյան վաղ երկրագործական մշակույթին պատկանող երեք հնագիտական հորիզոններ…» (ընդգծումը իմն է- Ա. Ա.): Պետք է լինի հնագիտական շերտեր, մշակույթ, հաստվածք կամ նստվածք: Քանզի «հորիզոններ» եզրույթը ընկալելի է բազմաշերտ հուշարձանների ուղղահայաց կտրվածք-գծագրերի պարագայում:
8. 6-րդ էջում բերված է Արգիշտի 1-ինի հայտնի սեպագրի ընթերցումը, որտեղ երկրանունը նշված է Գիառնիանին: Հաշվի առնելով, որ երկրանունը մասնագիտական գրականության նորագույն ուսումնասիրություններում հայտնի է Գիարնիա > Գառնի անվանումներով (այստեղ մասնագիտական այլևայլ մանրամասնություններին չանդրադառնալով), անհրաժեշտություն էր, որ ընթերցողին գոնե մեկ նախադասությամբ մատնացույց արվեր երկրանվան նոր կամ այլ հեղինակների տարընթերցման, գրքույկի հեղինակների կողմից այն հենց այդ ընթերցմամբ ընդունելու փաստը:
9. 8-րդ էջում խոսելով 1945 թ. հայտնաբերված հունարեն արձանագրության մասին, անհրաժեշտ էր, որ նշվեր, որ այն հայտնաբերել է տաղանդավոր նկարիչ Մարտիրոս Սարյանը: Ի միջի այլոց, այն պետք է մեջբերվեր արձանագրությունների հրատարակման ընդունված տողատման կարգով և ոչ թե այնպես, ինչպես այն ներկայացվել է: Բացի այդ, այս արձանագրությունը վերծանվել է մի շարք մասնագետների կողմից (Ստ. Լիսիցյան, Բ. Առաքելյան, Կ. Տրևեր, Գ. Սարգսյան, Ա. Աբրահամյան, Հ. Բարթիկյան, Ս. Կրկաշարյան), որոնց վերծանություններում առկա են նաև տարբերություններ: Սակայն ոչ մեկի մոտ Հելիոս բառից հետո բազմակետեր չկան: Այնպես որ, այս տեղեկությունների ներառումը անկարևոր չէ, և հեղինակները, կարծում եմ, պետք է նշեին, թե ում վերծանությունն են ներառել այս աշխատանքում:
10. 8-րդ էջում անհրաժեշտ էր տալ նաև Կ. Վ. Տրևերի գիտական տիտղոսը` ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ լինելը (հետագայում հավանաբար ակադեմիկոս), ով ակադեմիկոս Հ. Օրբելու հետ որպես խորհրդատու մասնակցել է Գառնիի պեղումների աշխատանքներին և օգտակար շատ խորհուրդներ տվել, կազմակերպել զրույց-պարապմունքներ: Այլապես ոչ մասնագետ ընթերցողին այդ ազգանունը գրեթե ոչինչ չի ասում, և ինքնըստինքյան հարց է առաջանում, թե ով է օտար ազգանունով այդ անձը և ինչ կապ ունի Գառնիի հետ:
11. 10-րդ էջում Գառնիի տաճարի 1968-76 թթ. վերականգնված լինելու փաստը պետք է արժևորվեր հուշարձանախմբի նկատմամբ պետական հոգածության դրսևորմամբ և այն պետական միջոցներով վերականգնված լինելը: Հիշատակվեր նաև շինարարության- վերականգնման աշխատանքները իրականացրած կազմակերպության անունը: Ավելի ճշգրիտ լինելու համար նշենք, որ բուն տաճարի վերականգնման` հատակագծային և տարածական- ծավալային կառուցվածքի, աշխատանքները սկսվել և ավարտվել են ոչ թե 1968-76 թթ., այլ 1969-75 թթ.: Այնուհետև 1975-ից սկսվել են տաճարի շրջապատի, ճեմուղու և ամրոցի բարեկարգման, եկեղեցուն ու բաղնիքին առնչվող աշխատանքները:
12. Գրքույկի 13-րդ էջում բաղնիքի հունատառ երկտող արձանագրությունը պետք է լինի «Ոչինչ չստանալով աշխատեցինք», այլ ոչ թե «Աշխատեցինք` ոչինչ չստանալով»:
13. 13-րդ էջում` փակագծերում անհրաժեշտ էր հղում տալ «պատմական Այնթափի մոտ գտնվող կոմագենյան Զևգմա քաղաքի» վերաբերյալ: Քանզի մասնագետներից զատ, շարքային ընթերցողը չի կարող կողմնորոշվել դրանց այժմյան աշխարհագրական տեղը ճշգրտելու գործում:
14. 14-րդ էջում խոսելով համալիրի Ս. Սիոն եկեղեցու մուտքի աջ կողմում հայոց կաթողիկոս Մաշտոց Եղվարդեցու թաղված լինելու փաստի մասին, հարկ էր չանտեսել, որ այն եղել է նաև եպիսկոպոսանիստ վայր:
15. 14-րդ էջում ամրոցի շրջակայքում պահպանված այլ հուշարձանների շարքում գերազանցապես թվարկված է Գառնի գյուղի տարբեր մասերում գտնվող հուշարձանների մի մասը (Խումարաժամ, Ս. Աստվածածին միանավ, Մաշտոց Հայրապետ, Ս. Աստվածածին եռանավ եկեղեցիներ), որոնք այնքան էլ ամրոցի շրջակայքում չեն:
16. Գրքույկի 3-րդ էջում խոսվում է, որ հուշարձանախմբի տարածքում կան նաև խաչքարեր, որոնց վերաբերյալ (12-14 հատ) ուղեցույցում ոչ մի խոսք չկա թե դրանց քանակի և թե որ ժամանակաշրջաններին պատկանելու վերաբերյալ:
17. Այս ուղեցույցը ոչ մի տեղեկություն չի տալիս, թե առհասարակ Գառնի հուշարձանը պետության կողմից որ թվականներին է վերածվել թանգարանի: ՊՈԱԿ-ի 1988 – 2003 թթ. նախկին անվանումն էլ (միացյալ դիրեկցիան) համարվել է այլ գերատեսչական կազմակերպություն (էջ 14):
18. ՈՒղեցույցում ոչ մի խոսք չկա Գառնիի հուշարձանախմբի վերաբերյալ հայագիտության մեջ տարբեր հեղինակների կողմից շարադրված և վաղուց ի վեր շրջանառության մեջ գտնվող երկու տասնյակից ավելի զանազան մենագրությունների, գիտահանրամատչելի գրականության, բազմազան հոդվածների և նմանատիպ այլ աշխատանքների մասին: Այնինչ հարկ էր գոնե դրանցից մի քանիսը թվարկելով ներկայացնել ընթերցողին: Գրքույկում բացակայում է նաև հեղինակների կողմից օգտագործված գրականության ցանկը, որը, կարծում եմ, միմիայն կբարձրացներ աշխատանքի աղբյուրագիտական ու գիտական արժեքները:
Եվ այսպես կարելի է թվարկումները շարունակել: Սակայն բավարարվենք նշվածներով և փաստենք, որ այս ամենը, որոնց մասին խոսվեց այս մատենախոսությունում, գրեթե իսպառ բացառված կլինեին, եթե ՊՈԱԿ-ում հրատարակչական աշխատանքները կանոնակարգված լինեին և հետևապես իրականացվեին այդ բնագավառի գոնե այբուբենի պահանջների համաձայն, և թե՛ այսօրվա և թե՛ ապագայի ընթերցողները, Մ. Նալբանդյանի խոսքերով ասած, ականատես չէին լինի այսպիսի «հրաշափառ խայտառակության»: Կամ էլ, հարգարժան Ռ. Գրիգորյանի մտահոգության համաձայն` անհրաժեշտ է, որ մեր եկեղեցիներում աղոթք արվի առ այն, որ «կարևորվի գրաքննությունը, հատկապես` «Ճանաչենք, պահպանենք, ժառանգենք» բնաբանով «բուկլետ»-ների նկատմամբ»:

Արգամ ԱՅՎԱԶՅԱՆ
Հայագետ-նախիջևանագետ, ՀՀ մշակույթի
վաստակավոր գործիչ

Դիտվել է՝ 2172

Մեկնաբանություններ